Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Պետական եւ քաղաքական գործունեության հարուստ փորձը, որին Դուք, անկասկած, տիրապետում եք, դրված ուղենիշներին հասնելու Ձեզ հատուկ նպատակասլացությունը Ձեզ արժանացրել են խորը հարգանքի հայրենակիցների շրջանում եւ բարձր հեղինակության արտերկրում:

Կցանկանայի կրկին երախտագիտությամբ նշել մեր երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում Ձեր անձնական ներդրումը, առեւտրատնտեսական, ներդրումային եւ մշակութային-հումանիտար ոլորտներում հայ-ռուսական պայմանավորվածությունների իրականացման գործում Ձեր հետեւողականությունը:

Ձեզ հետ հանդիպումները միշտ ունենում են գործնական եւ անձնական շփման բաց, վստահելի բնույթ: Ուրախ կլինեմ կրկին ողջունել Ձեզ Երեւանում՝ Հայաստան կատարելիք Ձեր պաշտոնական այցի ընթացքում:

Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, մաղթում եմ Ձեզ եւ Ձեր հարազատներին քաջառողջություն, երջանկություն եւ բարօրություն»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: