Հայաստանի արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը չգիտի, թե որն է վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարության էությունը: Այդ մասին Գրձելյանը հայտարարել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
Նշենք, որ մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հրաժարականի մասին: Ի դեպ, վերջին հրամանը, որ իր հեռացումից առաջ ստորագրել էր արդարադատության նախարարը, ԴԱՀԿԾ պետ Միհրան Պողոսյանին արված նկատողությունն է:
Այսօր կառավարության նիստի սկզբում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ Գեւորգ Դանիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր պարտականությունները պատշարճ կերպով չկատարելու համար: Վարչապետն ասել է, որ կառավարությունը մեծ կարեւորություն է տալիս էթիկական նորմերի պահպանմանը, սակայն արդարադատության նախարարը չի պահպանել դրանք:
Խոսքն այն մասին է, որ ԴԱՀԿԾ ղեկավարը այդ նորմերի լուրջ խախտում էր թույլ տվել: Նախարարին հանձնարարվել էր պատժել Միհրան Պողոսյանին, սակայն այդ հանձնարարությունը չէր կատարվել:





























