Երկու իսպանուհիներ 500 եվրոյանոց թղթադրամներով մոտ 100 հազար եվրո են հասցրել խցկել Ժնեւի մի քանի ռեստորանների զուգարանակոնքերի մեջ, սակայն նրանք չեն պատժվի, եթե պարզվի, որ փողը ազնիվ ճանապարհով է ձեռք բերվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ժնեւի դատախազության մամուլի քարտուղար Վինսենթ Դերուանը:
«Ընդհանուր գումարը կազմել է մոտ 100 հազար եվրո… Քննությունը շարունակվում է: Ներկա պահին հայտնի է, որ 2 կին, ազգությամբ իսպանուհիիներ, փողերը նետել են զուգարանակոնքի մեջ: Դատախազը պարզում է նաեւ գումարի ծագումը»,- ասել է Դերուանը:
Դատախազության ներկայացուցիչը նշել է, որ քրեական գործը հարուցվել է միջադեպից անմիջապես հետո, երբ դիմել են UBS-ի ներկայացուցիչները: Բանկը եւ տուժած սրճարանների տերերը ստիպված էին մի քանի հազար ֆրանկ ծախսել կոյուղին բացելու համար: Սակայն նրանց ծախսերը մասնակի փոխհատուցվել են՝ իսպանուհիների փաստաբանը նրանց առաջարկել է աշխատանքների դիմաց վճարել:
Դերուանը նշել է, որ Շվեյցարիայում փողը փչացնելը հանցագործություն չի համարվում, սակայն քննությունը շարունակվում է՝ մինչեւ կպարզվի առկա՞ է տվյալ թղթադրամների հետ կապված ապօրինի գործունեություն, թե՞ ոչ:
Ավելի վաղ շվեյցարական լրատվամիջոցները հայտնել էին, որ այս տարվա մայիսին Ժնեւի կենտրոնում UBS բանկից ոչ հեռու գտնվող մի քանի ռեստորանների զուգարաններում հայտնաբերվել են 500 եվրո արժեքով թղթադրամներ: Փողը խցկել էին Café du Centreի եւ «Molino-ի, ինչպես նաեւ բանկի կոյուղու մեջ:




























