Թուրքիայի Մալաթիա քաղաքում կանանց համար նախատեսված վարդագույն տրոլեյբուսները վիճաբանությունների պատճառ են դարձել։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Մալաթիայի քաղաքապետարանի կողմից կանանց համար նախատեսված վարդագույն տրոլեյբուսները դարձել են Թուրքիայում քննարկվող թեմաներից մեկը։

Թեեւ աչքի համար հաճելի վարդագույն տրոլեյբուսները գեղեցիկ են, սակայն այն հանգամանքը, որ դրանից կարող են օգտվել միայն կանայք, սեռային խտրականության թեմայով քննարկումների առիթ է դարձել։

Մալաթիայից ընտրված պատգամավոր Վելի Աղբաբան դատապարտել է քաղաքապետարանի այս քայլը՝ շեշտելով, որ այն սեռային խտրականություն է։ «Լավ, եթե կինը կամ աղջիկը չհասցրեց նստի հենց այդ վարդագույն տրոլեյբուսը, ինքը ի՞նչ պիտի անի։ Պետականորեն սեռային խտրականություն է իրականացվում։ Այս քայլով կանանց փորձ է արվում իզոլացնել հասարակությունից»,–ասել է պատգամավորը։