Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովում ընդունված հնգակողմ հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկա: Այնտեղ ամրագրված սկզբունքները, փաստացի սպասելի էին եւ որոշակի իմաստով ընդունելի ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերի համար: Այդ մասին դեկտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

«Տվյալ դեպքում կարեւոր են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ֆրանսիայի ներկայացուցչի ելույթները, թե իրենց համար անընդունելի են ղարաբաղյան կարգավորման գործում ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը: Այդ հայտարարությունը միանշանակ արվել է որպես Ադրբեջանի ռազմական հռետորաբանության հակակշիռ: Շատ կարեւոր էր նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի այն մասը, թե ադրբեջանական կողմից ռազմական գործողություների վերսկսման դեպքում Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- նկատել է քաղաքագետը:

Մարկարովի կարծիքով, բանակցային գործընթացը գագաթաժողովից հետո շարունակվելու է առկա ձեւաչափով, որն ընդունելի եւ հսկանալի է բանակցային գործընթացի բոլոր ոկղմերի համար: Նա նշել է նաեւ, որ գագաթաժողովի արդյունքների մասին խոսելիս «հաղթանակ» կամ «պարտություն» բառերն օգտագործել պետք չէ: