Հատուկ քննչական ծառայությունում քննվող կաշառքի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում կալանավորված փաստաբան Գայանե Գալոյանը շարունակում է մնալ քաղաքացիական հիվանդանոցում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան  Մնացական Ղազարյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալը Վերակենդանացման բաժանմունքում է, սեպտեմբերի 26-ին էլ նրա մոտ նոպա է եղել եւ այժմ նրա վիճակը բավարար չէ:

Մնացական Ղազարյանի խոսքով, իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դատարանի որոշման դեմ արդեն վերաքննիչ բողոք է ներակայացրել, վարույթ ընդունվել է, սակայն, բողոքի քննության օրը դեռ հայտնի չէ:

Նշենք, որ Գայանե Գալոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Փաստաբան Գայանե Գալոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Առաջադրված մեղադրանքից ենթադրվում է, որ Գալոյանը հանցակից է եղել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալուն: