Ադրբեջանը և Ուկրաինան ընդունել են տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է էներգետիկայի նախարար Փյարվիզ Շահբազովը։
Նրա խոսքով՝ ուկրաինական Ուժգորոդ քաղաքում տեղի է ունեցել ադրբեջանա-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը՝ Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալի մասնակցությամբ։
Կողմերը քննարկել են համագործակցությունն առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, տրանսպորտային, տեխնոլոգիական, նորարարական, զբոսաշրջության և այլ ոլորտներում, հանդիպման արդյունքներով ընդունել են առաջիկա ժամանակահատվածի գործողությունների ծրագիր։ Ուկրաինայի փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին մարդասիրական օգնության համար։
Շահբազովը հավելել է, որ գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղանի շրջանակում քննարկվել են գործընկերության և ներդրումների նոր հնարավորություններ։





























