ԼՂՀ անկախության հանրաքվեն, ինչ խոսք, շրջադարձային իրադարձություն էր, քանի որ այդ հանրաքվեն իրավիճակի լուրջ փոփոխություն ամրագրեց։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով 1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեին։
«1988 թվականին, երբ սկզբնավորվեց ղարաբաղյան շարժումը, այն մի նշանաբան ուներ՝ «Միացում»։ 1991 թվականի ավարտին այդ կարգախոսը փոխվեց, քանի որ Արցախը փաստացիորեն գնաց անկախ պետականություն կառուցելու ճանապարհով եւ համաժողովրդական հանրաքվեի միջոցով որոշում կայացվեց Լեռնային Ղարաբաղը հռչակել անկախ, ինքնիշխան պետություն։ Սա իհարկե, իր հետքը թողեց հետագա ողջ գործընթացի վրա։
Հանրաքվեից հետո Ադրբեջանը լայնածավալ պատերազմական գործողություններ սկսեց ընդդեմ ԼՂՀ-ի։ Լեռնային Ղարաբաղը փաստացի դուրս եկավ անկլավային վիճակից, սակայն պատերազմից հետո, ցավոք սրտի, մենք չկարողացանք ձեռք բերածն ամրագրել նաեւ դիվանագիտական ասպարեզում եւ չհասանք Արցախի անկախության միջազգային ճանաչմանը»,- ափսոսանք հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարարը։
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն էլ իր հերթին նկատեց, որ Արցախը կայացած պետություն է՝ դրա վկայությունը համարելով այն, որ այսօր նշվում է ԼՂՀ անկախության եւ նրա Սահմանադրության ընդունման հանրաքվեների օրը։
«Ես կցանկանայի, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը Հայաստանում չկապեին Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման հետ, այլ ուղղակի հաշվի առնելով այսքան կարեւոր, պետության եւ պետականության համար հատկանշական երկու հանրաքվեների արդյունքները՝ Լեռնային Ղարաբաղը ճանաչեին իբրեւ ինքնուրույն սուբյեկտ»,- ասաց Ալավերդյանը։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն տեղի է ունեցել 1991թ. դեկտեմբերի 10-ին։ Այն ժամանակ անկախությանը կողմ քվեարկեց 99,8 տոկոսը։
Արդեն 2006 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվեց նաեւ ԼՂՀ առաջին Սահմանադրության նախագծի ընդունման համաժողովրդական հանրաքվեն։





























