Ադրբեջանական կողմը ցանկալին իրականության տեղ է ներկայացնում։ Այս անգամ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել օմբուդսմենների եվրոպական ինստիտուտի աշխատանքներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՄԻՊ–ի մասնակցության մասին։

Հիշեցնենք, որ Բուխարեստում կայացել է այս կառույցի գլխավոր վեհաժողովի նիստը, որին մի քանի անգամ արդեն մասնակցել են Հայաստանի եւ ԼՂՀ օմբուդսմենները։ Հայրենիք վերադառնալով՝ Ադրբեջանի ՄԻՊ Էլմիրա Սուլեյմանովան, որը նախկինում հայտնի էր իր կասկածելի հայտարարություններով, փորձել է ադրբեջանական լրատվամիջոցներին համոզել, որ իրեն հաջողվել է կանխել ԼՂՀ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի ելույթը եւ նրան «զրկել» կազմակերպության անդամի կարգավիճակից։

Այս կապակցությամբ NEWS.am–ը դիմել է Ռուբեն Մելիքյանին։ «Հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Ես ակտիվ եւ բավականին արդյունավետ մասնակցել եմ միջոցառմանը»,– ասել է Ռուբեն Մելիքյանը։

Միաժամանակ կան նիստից կադրեր, որոնցում երեւում է, թե ինչպես է ԼՂՀ ՄԻՊ–ը բարձրացնում սահմանափակ հնարավորություններով երեխաների կրթության մասին շատ կարեւոր հարցեր։ Ադրբեջանի ՄԻՊ–ն, իրոք, փորձում է ընդհատել ելույթը եւ բարձրացնել տարածքային ամբողջականության հարցը։ Սակայն պրեզիդիումը հիշեցրել է, որ պետք չէ քաղաքականացնել նիստը։

Հատկանշական է, որ Սուլեյմանովայի «հաջողությունների» շնորհիվ Ադրբեջանում արդեն պահանջում են լուծարել օմբուդսմենի պաշտոնը։