Վրաստանի եւ Հայաստանի իշխանությունների եւ հոգեւոր հայրերի միջեւ նախնական պայմանավորվածություն է եղել, որ թույլ կտան Վրաստանի Մշակույթի նախարարության կողմից վերանորոգվող հայկական եկեղեցու բակում խաչքար տեղադրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը՝ անդրադառնալով Ջավախքի Գումբուրդո քաղաքում տեղի ունեցած բախումներին:
«Ինչպես գիտեք, ռեստավրացիայի ժամանակ վրացական կողմն ավիրել էր հայերի գերեզմանոցը, դրանից հետո մերոնք որոշել էին եղբայրական գերեզմանոց սարքել՝ տեղադրելով խաչքար եկեղեցու բակում: Խոսակցություններ կային, որ ընտրություններից հետո կթողնեն տեղադրել խաչքարը, բայց թույլ չէին տալիս: Հայերն էլ որոշեցին այսօր առավոտյան գնալ ու խաչքարը տեղադրել: Խնդիրը ոչ թե խաչքարն է, այլ եկեղեցու պատկանելությունը: Վրացական կողմը ցանկանում է եկեղեցին իրենով անել»,- ասաց Դավիթ Ռստակյանը:
Խաչքար տեղադրելու շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ հատուկջոկատայինները մահակներով դաժանաբար ծեծել են հայերին: Ի դեպ, հատուկջոկատայինները, ըստ Դավիթ Ռստակյանի, հայերին նույնիսկ թույլ չեն տվել մտնել եկեղեցի եւ մոմ վառել՝ հայտարարելով, թե նման հրահանգ ունեն: Հայ համայնքի ներկայացուցչի կարծիքով, սա լրջագույն խնդիր է, քանի որ Վրաստանի իշխանություններն ամեն կերպ ցանկանում են հայկական եկեղեցին «դարձնել» վրացական:




























