«Մարդիկ իրենց պոտենցիալը պետք է օգտագործեն ի օգուտ երկրի զարգացման, ոչ թե մարդ ծեծելու համար: Ես բազմիցս ասել եմ, որ պետք է լինի կարգուկանոն, օրենքի գերակայություն եւ օրենքի առջեւ հավասարություն»,- դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով Գագիկ Բեգլարյանի՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարականի թեմային։
«Այն ակտը, որին ականատես եղանք, ազդակի նման մի բան էր, որ մենք՝պաշտոնյաներս, հանկարծակի դեգերումների պարագայում չպատկերացնենք, որ մեզ ամեն բան թույլատրվում է։ Մենք էլ Հայաստանի քաղաքացիներ ենք, եւ չպետք է անենք այն, ինչ չի կարելի անել»,- նշեց Բոստանջյանը։
Անդրադառնալով հարցին, թե ԲՀԿ-ն ո՞ւմ է պատրաստվում պատգամավոր դարձնել Արեւիկ Պետրոսյանի փոխարեն, Բոստանջյանն ասաց. «Այդ հարցը կուսակցությունում դեռեւս չի քննարկվել։ Մենք դրա հնարավորությունը այս ժամանակահատվածում չենք ունեցել։ Ինչպես միշտ, այս անգամ եւս կուսակցության քաղաքական խորհուրդը կհավաքվի եւ կմտածի, թե ով պետք է Արեւիկ Պետրոսյանի փոխարեն ներկայացնի մեր խմբակցությունը»,- նկատեց ԲՀԿ պատգամավորը՝ միաժամանակ չբացառելով, որ դա կարող է լինել դերասան Գուժ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ ԲՀԿ համամասնական ցուցակում, ըստ հերթականության, հաջորդը հենց Գուժ Մանուկյանն է եւ եթե նա չհրաժարվի, հենց նա էլ պետք է դառնա պատգամավոր:





























