Քրեակատարողական համակարգում ունենք խնդիրներ, որոնք տարիների հեռվից են գալիս եւ պահանջում են ոչ միայն քաղաքական կամք, նաեւ լուրջ ֆինանսական ներդրումներ: «Ի՞նչ բարեփոխումներ կբերի քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը»թեմայով քննարկման ժամանակ նշել է ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Նրա խոսքով, այդ ծրագրով ամենամեծ փոփոխությունն այն է, որ չեն ֆիքսվում կարճաժամկետ խնդիրների վրա, որոնք գլոբալ բնույթի չեն. «Պատիժն ունի նպատակ՝ սոցիալական արդարության վերականգնում, դատապարտյալի ուղղում եւ կրկնահանցագործությունների կանխարգելում: Այս ամբողջ ռազմավարությունը կազմված է հիմնվելով պատժի նպատակների վրա: Մենք պլանավորում ենք արդիականացնել ու օպտիմալացնել ՔԿՀ-ների համակարգը: Մենք պետք է ունենանք օպտիմալ համակարգ, որ նվազագույն ծախսումներով պատժի նպատակներն իրագործվեն»,-ասաց Քրմոյանը:

Նրա ներկայացմամբ, դատապարտյալների պահման պայմանների առումով նախատեսվում է թե հին ՔԿՀ-ների վերանորոգում, թե նորերի կառուցում. «Արմավիր» ՔԿՀ-ն արդեն 1200 անձի պահման խնդիր լուծել է, որը մեր կարիքների 25-30 տոկոսն է: Կարիք կունենանք եւս 1-2 խոշոր ՔԿՀ-ներ կառուցել: Այո, ունենք շենքային խնդիր»,-ասաց նա: