Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, մարզի դատարանի դատավորի, մարզի դատախազի եւ մյուսների վերաբերյալ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու գործն ուղարկվել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Այս գործով 3 դատավոր ինքնաբացարկ է հայտնել, որից հետո այն մակագրվել էր Մնացական Հարությունյանին: Վերջինս, սակայն, որոշում է կայացրել գործն ուղարկել ըստ ընդդատության: Դատավորը որպես հիմնավորում ներկայացրել է այն փաստը, որ քրեական գործը պետք է քննվի այն դատարանի կողմից, որի դատական տարածքում ավարտվել է քրեական գործով մինչդատական վարույթը, իսկ տվյալ դեպքում քրեական գործով նախաքննությունն իրականացվել է Հատուկ քննչական ծառայության կողմից և քրեական գործով մինչդատական վարույթը ավարտվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը գտնվում է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական տարածում, դատարանը որոշել է այն ուղարկել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Վարդենիս քաղաքում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության եւ դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գոռ Գալստյանի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար Գեղարքունիքի մարզի դատախազ Սեւակ Շհոյանը մեղադրյալի ծնողներ Կամո եւ Մելանյա Գալստյաններից 2015 թվականի հունիսին պահանջել ու ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Սակայն գումարը ստանալուց հետո դատախազը խոստումը չի կատարել, եւ Գոռ Գալստյանը կալանավորվել է:
Բացի այդ, Կամո եւ Մելանյա Գալստյանները, իրենց որդուն ավելի մեղմ պատասխանատվության ենթարկելու եւ նույն գործով մեղադրյալ իրենց բարեկամին պատասխանատվությունից ազատելու համար Վարդենիսի բնակիչ Հայկ Կարապետյանի եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանի միջոցով գործով վարույթ իրականացնող` հիշյալ դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին տվել են 11.343.373 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափերով` 23.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո վերջինս կայացրել է նախապես պայմանավորված ապօրինի դատական ակտը:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, վերջինի վարորդ Կարեն Մարտիկյանի, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի, Գեղարքունիքի մարզի դատախազ Սեւակ Շհոյանի եւ նույն մարզի բնակիչ Հայկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:


























