ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին են հանձնվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործերից մեկի նյութերի համաձայն, Իջեւան քաղաքի բնակիչ Տիգրան Պապյանը 2014թ.-ից մինչեւ 2016թ.-ի հունիսն ընկած ժամանակահատվածում մասնատել եւ վաճառել է բանկում գրավադրված` 1.800.000 ՀՀ դրամ արժողությամբ «Ford transit» մակնիշի ավտոմեքենան:
Այնուհետեւ, դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Տավուշի մարզային բաժնում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում, որոշում է կայացվել Տ. Պապյանի ավտոմեքենայի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին:
Այդ նպատակով 17.06.2017թ.-ին հիշյալ քաղաքացու բնակարան է այցելել ԴԱՀԿ Տավուշի մարզային բաժնի հարկադիր կատարողը, ով, առանց ավտոմեքենան տեսնելու, կազմել է արգելանք դնելու մասին արձանագրություն, որում ներառել է փաստացի գոյություն չունեցող` Տ. Պապյանի կողմից մասնատված եւ վաճառված «Ford transit»-ը գույքագրելու եւ արգելանքի վերցնելու կեղծ տեղեկություններ:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Տավուշի մարզային բաժնի հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու եւ քաղաքացու կողմից գրավադրված` բռնագանձման ենթակա գույքն օտարելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով:
Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված առերեւույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:


























