ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին են հանձնվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործով ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Եղվարդ քաղաքի բնակչուհի Թեհմինա Պետրոսյանը դիմում բողոք է ներկայացրել Կոտայքի մարզի դատախազություն այն մասին, որ 05.03.2017թ.-ին օրինական ուժի մեջ մտած դատավճռով` նախկին ամուսնուց ալիմենտի կայուն դրամական գումարի բռնագանձման որոշում է կայացվել ամսական 50.000 դրամի չափով:
Սակայն դրա վերաբերյալ հարուցված կատարողական վարույթի ընթացքում Թ. Պետրոսյանը հարկադիր ծառայությունից իրեն ուղարկված համապատասխան որոշումներում կեղծիքներ է հայտնաբերել. մասնավորապես, պարզել է, որ ԴԱՀԿ Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարողը նշված որոշումներում ներառել է կեղծ թվագրումներ եւ անձնային կեղծ տվյալներ, որի հետեւանքով չի բռնագանձվել կուտակված` 350.000 ՀՀ դրամի չափով ալիմենտի պարտքը, ու Թ. Պետրոսյանին պատճառվել է գույքային վնաս:
Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով:
Հաշվի առնելով, որ այս քրեական գործի նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված առերեւույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը նույնպես ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:


























