Ոստիկանության պաշտոնյաները այցելել են ՁՊՎ-ում գտնվող անձին եւ հորդորել գողության եւս 3 դեպքի պատասխանատվություն ստանձնել: Այս մասին հայտարարություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
Հաղորդագրությունում ասվում է.
«Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է անցած տարվա նոյեմբերին Ստեփանավանի ոստիկանության կողմից անօրինական ձեւով ձերբակալված եւ ոստիկանության բաժնում բռնության ենթարկված Ա. Հ.-ի իրավունքների պաշտպանությունը:
Ինչպես ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հայտնել էր Ա. Հ.-ն, շուրջ 10 ոստիկաններ նրան են մոտեցել եւ զենքի սպառնալիքով բերման ենթարկել: Ապա տեղափոխել են Ստեփանավանի ոստիկանության բաժին, որտեղ ժամեր շարունակ բռնության ու արժանապատվությունը նվաստացնող վերբերմունքի են արժանացրել՝ ստիպելով ցուցմունք տալ ընկերոջ՝ Գ. Կ.-ի դեմ, ով, ի դեպ, բերման ենթարկելու պահին ուղեկցելիս է եղել նրան: Ոստիկանները բռնություն են կիրառել նաեւ Գ. Կ.-ի նկատմամբ, երբ վերջինս ընկերոջն ազատ արձակելու հարցով ոստիկանների հետ վեճի է բռնվել:
Ա. Հ.-ն դեպքի մասին բարձրաձայնել է Գ. Կ.-ին կալանավորելու մասին իմանալուց հետո միայն: Դրանից հետո նա փակ հեռախոսահամարներից պարբերաբար սպառնալից հեռախոսազանգեր է ստանում, որոնցով հորդորում են գործին ընթացք չտալ:
2017 թ. մայիսի 2-ին դեպքի վերաբերյալ Գ. Կ.-ի եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդումների հիման վրա ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել եւ Ա. Հ.-ն տուժող է ճանաչվել: Սակայն 2017 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ ՀՔԾ-ում որոշում է կայացվել քրեական գործը կարճելու մասին:
Մինչ այդ Ա. Հ. –ի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը միջնորդել էր օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներ ձեռնարկել քրեական գործի վերաբերյալ արժեքավոր տեղեկությունների տիրապետող Ա. Հ.-ի նկատմամբ՝ հաշվի առնելով հեռախոսազանգերի միջոցով տրվող սպառնալիքները: Սակայն վարույթն իրականացնող մարմինը դրանում վտանգ չէր տեսել եւ մերժել էր միջնորդությունը:
Պաշտպանության միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու եւ ավելի ուշ քրեական գործը կարճելու որոշմամբ վարույթն իրականացնող մարմինը ոչ միայն աչք է փակել վատ վերաբերմունքի միանգամից երկու դեպքի վրա, այլեւ ՁՊՎ-ում Գ. Կ.-ի մոտ ոստիկանների այցն է օրինական համարել:
Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանն ու ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Սարգիս Այվազյանը Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ՁՊՎ-ում այցելել են Գ. Կ.-ին եւ փորձել են գողության եւս 3 դեպքի պատասխանատվություն ստանձնելու դիմաց նրան գումար առաջարկել եւ մեղմ պատիժ խոստանալ:


























