Ծննդկանի՝ կոմայի մեջ հայտնվելուց հետո Վանաձորի բժշկական կենտրոնի ղեկավարության եւ ծննդատան բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանի եւ անեսթեզիոլոգ Ալվարդ Հայրապետյանի միջեւ սկսված դատական վեճն ավելի քան 4 տարի է՝ չի լուծվում:
Նրանց միջեւ դատական քաշքշուկը սկսվել է 2013թ.-ի մայիսի 18-ից, երբ Վանաձորի ծննդատանը ծննդաբերած Լիլիթ Նալբանդյանն ընկավ կոմայի մեջ: Ըստ հարազատների՝ ծննդաբերությունից հետո բժիշկները հեռացել են, իսկ կնոջ մոտ արյունահոսություն է սկսվել, այնուհետեւ կլինիկական մահ է արձանագրվել եւ նա հայտնվել է կոմայի մեջ: Երկարատեւ քաշքշուկներից հետո իրավապահ մարմիններն այդպես էլ բժշկական սխալ չգտան, քրեական գործը կարճեցին: Լիլիթ Նալբանդյանի հարազատներն առ այսօր համոզված են՝ Դավիթ Շահվերդյանի եւ անեսթեզիոլոգի պատճառով է տեղի ունեցել այս ամենը:
Չնայած բժիշկներին մեղադրանք չառաջադրվեց, Նալբանդյանների քաղաքացիական հայցն ընդդեմ Վանաձորի բժշկական կենտրոնի բավարարվեց: 2014թ.-ին դատարանը պարտավորեցրեց հիվանդանոցի ղեկավարությանը 6 մլն դրամ վճարել, ինչպես նաեւ ամսական շուրջ 600 հազար դրամ տրամադրել կոմայի մեջ գտնվող ծննդկանի ընտանիքին: Ի դեպ, այս գումարն ամեն ամիս հենց բժշկական կենտրոնի ղեկավարությունն է տրամադրում: Շահվերդյանից եւ անեսթեզիոլոգից գումարը բռնագանձելու համար ԲԿ-ն դիմել էր դատարան: Շուրջ 3 տարի է՝ քաղհայցը քննվում է: Այս տարվա հունիսին գործը մակագրվել է նոր դատավորի, որն էլ նախնական դատական նիստ էր նշանակել սեպտեմբերի 12-ին: Այդ նիստը, սակայն, հետաձգվել է կողմերից մեկի բացակայության հիմքով: Հաջորդ նիստը նշանակվել է նոյեմբերի 18-ին:


























