«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախնական նախագծին ծանոթացել է շուրջ 40 հազար մարդ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ԱԺ-ում օրինագծի վերաբերյալ լսումների ժամանակ նշել է հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը՝ հավելելով, որ հանրային քննարկումները հաջող են ընթանում, կան բազմաթիվ առաջարկներ, որոնք անպայման կքննարկվեն:

«Հաճախ հնչում են կարծիքներ, որ արդեն գործող օրենսդրությամբ կան բոլոր կարգավորումները, որոնք կարող են վերաբերել ընտանեկան բռնությանը, նոր օրենքի անհրաժեշտություն չկա, բայց պետք է հաշվի առնել,որ այն օրենսդրական լուծումները, որ առաջարկվում են, չկան ոչ ընտանեկան օրենսգրքում, ոչ էլ քրեական օրենսգրքում»,-ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով, խոսքը վերաբերում է օրինակ ապաստարաններին. «Այսօր պետական մարմինները ստիպված են լինում դիմել ինչ-ինչ հասարակական կազմակերպությունների, որ նրանք օգնեն բռնությունից տառապող, բռնությունից փրկված անձանց, ասենք մայրը մի քանի երեխաներով կարողանա ապաստան գտնել: Սա չենք կարող նորմալ վիճակ գնահատել, պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որ այդ խնդիրը լուծվի»:

Փոխնախարարը բերեց նաեւ վիճակագրական տվյալներ, ըստ որի, օրական 2 անգամ դիմում են ոստիկանություն ընտանեկան բռնության հետ կապված. «Ընդհանուր սպանությունների 17 տոկոսն ուղղակիորեն կապված է ընտանեկան բռնության հետ: Անչափահասների նկատմամբ բռնությունների մոտ 47 տոկոսը տեղի է ունենում հենց ընտանեկան միջավայրում: Սա շատ մտահոգիչ է»:

Դիտարկմանը, թե կա ընտանեկան օրենսդրություն, եթե կա բռնություն ընտանիքում, կարելի է դիմել իրավապահներին եւ խնդիրն այդպես կլուծվի, Վիգեն Քոչարյանն արձագանքեց. «Այս օրենքը քրեական օրենսդրության հետ կապ չունի, այն վերաբերում է ընտանեկան բռնության կանխարգելմանը: Չպետք է թողնել, որ բանը հասնի նրան, որ բռնության զոհը ծեծվի, անգամ սպանվի, հետո քրեական օրենսգրքով պատժեն բռնարարին»: