«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծով երեխայի համար պաղպաղակ չգնելը կամ կազինոյի համար փող չտալը տնտեսական բռնություն չէ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ԱԺ-ում օրինագծի վերաբերյալ լսումների ժամանակ նշել է հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը:
«Շատերը մտահոգություն են հայտնում, թե երեխային պաղպաղակ չգնեմ, փող չտամ, որ գնա խաղատուն, դա հոգեբանական ու տնտեսական բռնություն է: Այդպես չէ, օրինագծում հստակ ամրագրված է, թե ինչ է տնտեսական եւ հոգեբանական բռնությունը: Տնտեսական բռնությունը համապատասխան անձին բնակարանից, սննդից, կյանքի համար անհրաժեշտ այլ պարագաներից զրկումն է, որոնց նկատմամբ նա ունի օրենքով սահմանված իրավունքներ»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե արդյոք տնտեսական բռնություն չի դիտարկվի, եթե ծնողը ոչ թե չցանկանա, այլ հնարավորություն չունենա երեխային ապահովել անհրաժեշտ սննդով, փոխնախարարն արձագանքեց, որ «զրկել» տերմինը ենթադրում է, որ խոսքը դիտավորյալ զրկելու մասին է, այսինքն մի բանի մասին, որի հնարավորությունը կա, բայց դդիտավորությամբ այն չի տրվում տվյալ անձին:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ իր խոսքում կարծիք հայտնեց, որ օրենքի նախագծի շատ դրույթներ համահունչ չեն մեր հոգեկերտվածքին. «Ըստ նախագծի ոստիկանությունն իրավունք ունի սահմանափակել ծնողի եւ երեխայի տեսակցությունը, ինչը հակասում է Սահմանադրության 37-րդ հոդվածին, ըստ որի միայն դատական ակտի որոշմամբ կարող է սահմանափակվել այդ տեսակցությունը»:



























