Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի, դաժան սպանության գործով դատական նիստն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, հետաձգվեց:
Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը հայտնեց, որ տուժողի իրավահաջորդ Էմմա Աբրահամյանը վատառողջ է եւ չի կարողացել ներկայանալ: Նշենք, որ այսօր պետք է հարցաքննվեր Էմմա Աբրահամյանը:
Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 31-ին:
Հիշեցնենք, որ Մեյթիխանյանի ամուսնուն ծեծելով սպանել են 77–ամյա մոր աչքի առաջ։ Վեճը, ըստ նախնական տվյալի, առաջացել է մեքենայի ճանապարհը չզիջելու պատճառով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:
Խաչիկ Կոսյանին, որը ԴԱՀԿ ծառայության աշխատակից է, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով:


























