Այս գարնանը Դավիթաշենում 21 բարդի հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանը դատապարտվեց 6 ամսվա պայմանական ազատազրկման: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպան Արմեն Խաչատրյանը:

Նշենք, որ ամբաստանյալն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը եւ նախորդ նիստում միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով:

«Հարգելի դատարան, ես ցանկացել եմ ընդամենը ծառերն էտել, որ փրկվեն»,- ասել էր ամբաստանյալը:

Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել: Հարուցված քրեական գործի շրջանակում Ալեքսան Սամսոնյանը կալանավորվել էր, ավելի ուշ` ազատ արձակվել, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է` ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը: