Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է դեկտեմբերի 10-ից 14-ը Երեւանում գտնվող Լեհաստանի ազգային ռազմական արդյունաբերության պալատի նախագահ Սլավոմիր Կուլակովսկու գլխավորած պատվիրակությանը:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Լեհաստանի ռազմական արդյունաբերության ոլորտի պատվիրակությունը, որի կազմում էին Լեհաստանի ռազմական արդյունաբերության գործարանների, օդուժի տեխնոլոգիայի ինստիտուտի, արդյունաբերական օպտիկայի կենտրոնի ներկայացուցիչներ, Հայաստան կատարած այցի ընթացքում այցելել է ՀՀ ռազմական արդյունաբերության գործարաններ եւ հանդիպել ոլորտի պատասխանատուների հետ:
Մի շարք ոլորտներում, որոնցից են զինվորների անհատական պաշտպանության միջոցների եւ իրավիճակային ազդարարման համակարգերի զարգացման ուղղությամբ տեխնոլոգիաների մշակումները, ձեռք են բերվել համագործակցության գործնական պայմանավորվածություններ, որոնք կարող են նպաստել ՀՀ զինված ուժերի պաշտպանական կարողությունների ամրապնդման կարճաժամկետ եւ միջնաժամկետ կարիքների բավարարմանը:





























