Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում շարունակվում է նույն դատարանի դատավոր Լեւոն Արազյանի կողմից կաշառք վերցնելու գործով դատաքննությունը:

NEWS.am-ի հետ զրույցում Արազյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը հայտնեց, որ վկաների հարցաքննությունն ավարտվել է, ներկայումս հետազոտվում են գործում առկա ապացույցները:

Հովիկ Սուքիասյանը հայտնեց նաեւ, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը գնալով վատանում է: Նշենք, որ Լեւոն Արազյանը գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2008թ.-ից դատավոր աշխատած Լեւոն Արազյանը Գրիգոր Շամասուրյանի օգտին իր լիազորությունների շրջանակում որոշակի գործողություններ կատարելու համար նրանից անձնամբ պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք:

Այսպես. Լևոն Արազյանը մարտի 7-ին վարույթ է ընդունել մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված թիվ N քրեական գործը, որով ինքնիրավչություն կատարելու համար Գրիգոր Շամասուրյանին մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար: Հիշյալ գործն իր վարույթում գտնվելու ընթացքում դատավորն իր լիազորությունների շրջանակում ամբաստանյալ Գրիգոր Շամասուրյանի օգտին գործողություններ կատարելու. այն է՝ նախատեսված սանկցիայի շրջանակներում մեղմ պատժատեսակ՝ 300 հազար դրամի չափով տուգանք նշանակելու համար մայիսի 4-ին իր աշխատասենյակում Գրիգոր Շամասուրյանից անձամբ պահանջել է խոշոր չափերով՝ 290 հազար դրամին համարժեք 600 ԱՄՆ դոլար կաշառք:

Գրիգոր Շամասուրյանի վերաբերյալ դատավճիռը հրապարակելու օրը՝ մայիսի 5-ին, դատավճռի հրապարակումից առաջ Լևոն Արազյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Գրիգոր Շամասուրյանի հետ, որ այդ օրը կհրապարակի Գրիգոր Շամասուրյանի վերաբերյալ դատավճիռը, իսկ Գրիգոր Շամասուրյանը 600 ԱՄՆ դոլար գումարը կտա մայիսի 10-ին, որից հետո Լևոն Արազյանը հրապարակել է Գրիգոր Շամասուրյանի վերաբերյալ դատավճիռը՝ Գրիգոր Շամասուրյանին դատապարտելով 300 հազար դրամի չափով տուգանքի:

Մայիսի 11-ին ժամը 12:40-ից 13:15-ի սահմաններում Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդիի նստավայրում Լևոն Արազյանը Գրիգոր Շամասուրյանից անձամբ ստացել է իր պահանջած 600 ԱՄՆ դոլար կաշառքը:

Լեւոն Արազյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով: Նա կալանավորված է: