Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչության առաջին կարգի մասնագետ, քաղաքացուց հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Հարություն Խաչատրյանը տուգանվեց 600 հազար դրամով:

Ըստ մեղադրանքի՝ քաղաքապետարանի պաշտոնյան 2016թ. դեկտեմբերի 15-ին հանդիպել է կրպակ սեփականաշնորհել ցանկացող Լուսինե Մխիթարյանի եղբոր հետ եւ հայտնել, որ հողատարածքի պետական գրանցման գործընթացի համար անհրաժեշտ է կատարել 4 հազար 5 հարյուր դոլարի չափով պետական վճարումներ: Ձեռբ բերելով նրանց վստահությունը՝ 2016թ. դեկտեմբերի 21-ին Խաչատրյանը հանդիպել է Մխիթարյաններին եւ խարդախությամբ ստացել եւ հափշտակել 4 հազար ԱՄՆ դոլար՝ պայմանավորվելով մնացած 5 հարյուր դոլարը փոխանցել ավելի ուշ: Դրանից հետո Խաչատրյանն աշխատանքից ազատվել է եւ տեղափոխվել Պետական եկամուտների կոմիտե՝ որպես մաքսային տեսուչ: Նա այդ մասին սակայն չի տեղեկացրել Մխիթարյաններին եւ 2017թ. հունվարի 21-ին հանդիպել է Լուսինե Մխիթարյանի հետ եւ ստացել 130 հազար դրամ:

Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով, քանի որ նման միջնորդություն է ներկայացրել ամբաստանյալը՝ նշելով, որ ամբողջությամբ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը:

Դատարանը վճռել է մեղավոր ճանաչել Խաչատրյանին Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք՝ 600 հազար դրամի չափով: