Արցախի Հանրապետության nախագահ Բակո Սահակյանն՝ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մասնակցել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը պետական պարգեւներ է հանձնել համակարգի մի խումբ ծառայողների եւ հանդես եկել ելույթով:

Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ համակարգի առջեւ դրված են կարեւոր խնդիրներ, եւ դրանց հաջող ու արդյունավետ լուծումը կառույցի ղեկավարներից ու ողջ անձնակազմից պահանջում է պատասխանատու մոտեցում եւ ամենօրյա քրտնաջան աշխատանք:

«Ծառայությունն ունի անհրաժեշտ ներուժ, պատրաստված ու արհեստավարժ, գործին նվիրված աշխատակիցներ, ովքեր ի վիճակի են պատշաճ մակարդակով իրականացնել իրենց գործառույթները»,- նշել է երկրի ղեկավարը, հավելելով, որ պետությունը այսուհետ եւս կշարունակի միջոցներ ձեռնարկել՝ ուղղված ծառայության աշխատակիցների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավմանը: