Համագյուղացուն վրեժի հողի վրա սպանելու մեղադրանքով 11 տարվա ազատազրկման դատապարտված Արման Բաղդասարյանը ավելի մեղմ պատիժ է պահանջում: Նա դիմել է  Վերաքննիչ քրեական դատարան եւ պահանջում է բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ իրեն դատապարտել հնարավորինս մեղմ պատժի:

Արման Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ.-ի օգոստոսի 27-ին, ժամը 06.00-ի սահմանում համագյուղացի Արսեն Ազիզյանի կողմից ծեծի ենթարկվելուց հետո, նույն օրը, ժամը 06.45-ի սահմանում վ վրեժ լուծելու նպատակով ուղեւորվել է Կոտայքի մարզի « Զանգվի ձոր » կոչվող տեղանք, որտեղից իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված հրազենով կրակահերթ է արձակել Արսեն Ազիզյանի ուղղությամբ, որի հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների արդյունքում մահացել է:

Ըստ մեղադրանքի, Արման Բաղդասարյանը հանդիսանալով որպես վարորդի համագյուղացի, Մհեր Բաղդասարովին ծառայություններ մատուցող, 2015թ-ի օգոստոսի 27-ին, ժամը 06-ի սահմանում, «Մերսեդես Բենց» մակնիշի 01 CO 010 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Կոտայքի մարզի Պտղնի գյուղի 1-ին փողոցով հեռահար լուսարձակներով երթեւեկելիս, հանդիպել է «Մերսեդես բենց» մակնիշի 70 DP 001 հաշվառման համարանիշով հանդիպակաց երթեւեկող համագյուղացի Արսեն Ազիզյանին, իսկ վերջինն իր ուղղությամբ հեռահար լուսարձակներով երթեւեկելու առիթով կանգնեցրել եւ վեճի է բռնվել Արման Բաղդասարյանի հետ, որի ընթացքում ձեռքերով, ոտքերով հարվածներ է հասցրել եւ ծեծի է ենթարկել նրան: Այնուհետեւ, Ազիզյանն իր վերոհիշատակված ավտոմեքենայով ուղեւորների՝ Ալլա Զուրաբյանի, Տաթեւիկ Գրիգորյանի հետ միասին ուղեւորվել է Կոտայքի մարզի «Զանգվի ձոր» կոչվող տեղանք, որտեղ իրենց հյուրընկալել են նաեւ մտերիմներ՝ Աշոտ Ազիզյանը եւ Անահիտ Օհանյանը եւ միասին Արսեն կողմից կառուցված ձկնաբուծարանի համար նախատեսված ջրավազանի շրջակայքում գտնվող վագոն տնակի դիմաց հարմարեցված նստարաններին նստել զրուցել եւ գարեջուր են խմել:

Այդ ընթացքում Արման Բաղդասարյանը քիչ առաջ իրեն ծեծի ենթարկելու դիմաց Արսեն Ազիզյանին «հատուցելու», վրեժի շարժառիթով վերջինին կյանքից զրկելու եղանակով նրան վնաս պատճառելու հոգեկան պահանջմունքից դրդված, գործով ներկայումս չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել « ԱԿ 74» տեսակի ինքնաձիգ եւ դրանից կրակոցներ արձակելու համար նախատեսված 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ եւ ենթադրելով Արսեն Ազիզյանի գտնվելու վայրը, ուղեւորվել է հիշյալ ջրավազանի ուղղությամբ: Նույն օրը, ժամը 06:45-ի սահմանում Արման Բաղդասարյանը հասնելով նշված վայր եւ նկատելով ջրավազանի հարեւանությամբ կայանված Ազիզյանի ավտոմեքենան, համոզվել է, որ նա գտնվում է նշված տարածքում, նպատակադրված արարքն ավարտին հասցնելու նպատակով թաքնվել է քիչ հեռու գտնվող եւ ջրավազանի շրջակայքը տեսանելի քարքարոտ վայրում, դարանակալել եւ սպասել մինչ իր տեսադաշտում կհայտնվի Արսենը: Քիչ անց, Արսենը նստած դիրքից վեր է կացել, առանձնացել է հյուրերից եւ քայլել ջրավազանի երկայնքով, իսկ այդ ընթացքում Արման Բաղդասարյանը հարմար առիթն օգտագործելով, Արսեն Ազիզյանին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ հիշյալ ինքնաձիգից կրակահերթ է արձակել նրա  ուղղությամբ, որի հետեւանքով վերջինը մահացել է: