Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպից հետո Արմավիրի հիվանդանոց է տեղափոխվել երեք մարդ. Պատանդառու տղամարդը, նրա նախկին կինն ու երեքամյա երեխան: Այս մասին լրագրողներին հայտնել է հիվանդանոցի բժիշկ Սլավիկ Խաչատրյանը:

Նրա խոսքով, պատանդառուն այս պահին վիրահատարանում է, նա կրծքավանդակի շրջանում ունի վնասվածք, վիրահատում են. «Ինքն իրեն դանակահարել է, կրծքավանդակի շրջանում: Ուսումնասիրելուց հետո պարզվեց, որ պետք է վիրահատել:

Նրա նախկին կինը ձեռքի երկու մատների շրջանում ունի ջլերի վնասվածք եւ պետք է տեղափոխվի Երեւան՝ միկրովիրաբուժության կենտրոն: Բացի այդ, մակերեսային վերք կա պարանոցի շրջանում եւ կրծքավանդակի աջ կեսում»,-ասաց Խաչատրյանը:

Բժշկի փոխանցմամբ, երեխան որեւէ վնաս չի կրել, նրա համար հոգեբան են կանչել:

Հարցին, թե պատանդառու տղամարդու կյանքին վնաս սպառնո՞ւմ է, բժիշկը պատասխանեց. «Չենք կարող ասել, թափանցող վերք է, վիրահատությունից հետո կերեւա»:

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 16.25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ: Տղամարդը դանակի սպառնալիքով մանկապարտեզում էր պահում 3-ամյա երեխայի:

Նրա հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները, այդ թվում ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, նրան դիմավորել են ծափահարություններով:

Րոպեներ անց ոստիկանները մգեցված ապակիներով մեքենայով շենքից դուրս են բերել պատանդառուին, այնպես, որ ոչ ոք հնարավորություն չունենա տեսնելու նրա դեմքը:

Լուրեր կան, որ տղամարդը նախկին կնոջն ու երեխային տեսնելու պահանջով էր դանակով մտել մանկապարտեզի շենք՝ փորձելով այս կերպ վրեժխնդիր լինել նախկին զոքանչից, որովհետեւ թույլ չէին տալիս տեսակցել երեխային:

Ոստիկանությունն այս տեղեկությունները չի հաստատում, նրանք ասում են միայն, որ տղամարդը անձնական պատճառներ է ունեցել, սակայն չեն մանրամասնում:

Թեեւ ոստիկանությունը գաղտնի է պահում տղամարդու ինքնությունը, սակայն նախնական տվյալներով, նա Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանն է: