ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխային մանկապարտեզում պատանդ վերցնելու դեպքի առթիվ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
2017 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմանում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ եւ պատանդ վերցրել մանկապարտեզի սան, 3-ամյա տղա երեխային։ Տղամարդն իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ է պահել երեխային՝ վերջինին ազատելու համար պահանջելով հանդիպում կազմակերպել իր նախկին կնոջ հետ։ Վերջինն աշխատում է նույն մանկապարտեզում։
Իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հաջողվել է վնասազերծել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին եւ երեխային անվնաս ազատ արձակել։ Փոքրիկը վնասվածքներ չունի։
Զենքի գործադրմամբ ակնհայտ անչափահաս երեխային պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով։ Քրեական գործը վարույթ է ընդունվել ՀԿԳ քննիչի կողմից։
Հիշեցնենք, որ պատանդառուի հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները: ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ երեխային փրկողը Արմավիրի ոստիկանության վարչության պետ Արսեն Այվազյանն է:
Լուրեր կան, որ տղամարդը նախկին կնոջն ու երեխային տեսնելու պահանջով էր դանակով մտել մանկապարտեզի շենք՝ փորձելով այս կերպ վրեժխնդիր լինել նախկին զոքանչից, որովհետեւ թույլ չէին տալիս տեսակցել երեխային: Թեեւ ոստիկանությունը գաղտնի է պահում տղամարդու ինքնությունը, սակայն նախնական տվյալներով, նա Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանն է:


























