Երեքշաբթի Ճապոնիայի ոստիկանությունը Տոկիոյից ոչ հեռու երիտասարդ տղամարդու բնակարանում 9 դիակ է հայտնաբերել, հայտնում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Դիակները հայտնաբերվել են Ձամա քաղաքում 20-ամյա տղամարդու բնակարանում: Ոստիկանությունը նրա բնակարանում խուզարկություն է իրականացրել Տոկիոյում 23-ամյա մի կնոջ անհետացմանը մասնակցություն ունենալու կասկածանքով:
Ոստիկանությունից հայտնել են, որ որոշ մարմիններ անդամահատվել էին, որոնց հատվածները հայտնաբերվել են մի քանի սառցախցիկներում:
Գործակալությանը աղբյուրը հայտնել է, որ կասկածյալը եւ անհետացած աղջիկը շփվել են Twitterում: Հաղորդակցությունը սկսվել է այն բանից հետո, երբ աղջիկը գրել է, թե «մեկին է փնտրում, ով իր հետ ինքնասպանություն կկատարի»:
Տանտերը ձերբակալվել է եւ հավանաբար շուտով կկալանավորվի սպանության կասկածանքով, հայտնել են ոստիկանությունից:




























