Վրաստանում լուրջ կոնֆլիկտ է տեղի ունեցել Գարդաբանիում բնակվող ադրբեջանցիների եւ սվանների միջեւ:
Վկայակոչելով Վրաստանի հանրային հեռուստատեսությանը՝ haqqin.az-ը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին: Վրաստանի Ադրբեջանցիների ազգային շարժման նախագահ Ալիբալա Ասքերովի խոսքով՝ վեճն առաջացել է սրճարանում կենցաղային հողի վրա: 2 ադրբեջանցիներ վիճել են 10 սվանների հետ: Մի քանի ժամ հետո, գիշերը մոտ 200 սվաններ փողոց են դուրս եկել՝ բողոքելով ադրբեջանցիների դեմ եւ պահանջելով, որ նրանք իրենց տները լքեն: Վեճն այնքան է թեժացել, որ ստիպված է եղել միջամտել Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մհեբրիշվիլին, ով շտապ Գարդաբանի է մեկնել:
«Սա առանձին մարդկանց միջեւ տեղի ունեցած վեճ է: Չի կարելի թույլ տալ, որպեսզի որեւէ մեկն այն օգտագործի իրավիճակի սրման համար: Սա ազգային կոնֆլիկտ չէ, որից փորձում են օգտվել ադրբեջանցի եւ վրացի ժողովուրդների թշնամիները»,- ասել է նախարարը:
Վրաստանի ՆԳ նախարարի միջամտությունից հետո իրավիճակը կայունացել է:



























