ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ այսօր պաշտոնապես մեկնարկել է Անչափահաս եւ երիտասարդ դատապարտյալների վերասոցիալականացման զարգացում ծրագիրը:

Նախարարությունից NEWS.am_ին հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը, պետական եւ մասնավոր կազմակերպությունների շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչներ:

Սուրեն Քրմոյանը, ողջունելով ներկաներին, կարեւորել է հասարակական հատվածի նման ներգրավվածությունը հանցագործություն կատարած անձանց վերաինտեգրման դժվարին աշխատանքում: Փոխնախարարը հավելել է, որ քրեական արդարադատության ոլորտում վարվող պետական քաղաքականության մեջ շեշտադրված է վերասոցիալականացման բաղադրիչը, որպեսզի հանցագործություն կատարած անձինք վերաինտեգրվեն հասարակությանը եւ կրճատվեն կրկնահանցագործության դեպքերը: Ամփոփելով խոսքը՝ Սուրեն Քրմոյանը հույս է հայտնել, որ մեկ տարի անց հնարավոր կլինի նաեւ խոսել ծրագրի արձանագրած արդյունքների մասին:

Այնուհետեւ, Սոցիալական արդարություն հասարակական կազմակերպության նախագահ Արշակ Գասպարյանը միջոցառման մասնակիցներին առավել մանրամասն ներկայացրել է ծրագրի նպատակներն ու ակնկալվող արդյունքները: Ըստ դրա՝ ծրագիրն իրականացվելու է Երեւան քաղաքում եւ Լոռու մարզում՝ նպատակ ունենալով նպաստել Պրոբացիայի պետական ծառայության համայնքահեն զարգացմանը եւ դրա գործունեության վերաբերյալ համայնքային տեղեկացվածության բարձրացմանը: Ծրագրի շրջանակներում ընտրվելու են 14-30 տարեկան անչափահաս եւ երիտասարդ 100 դատապարտյալներ, որոնց հետ տարվող աշխատանքներով փորձ է արվելու ապահովել երիտասարդ դատապարտյալների վերասոցիալականացումը համայնքում: