Հոկտեմբերի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարեց նախարար Դավիթ Տոնոյանը. խորհրդակցությանը մասնակցում էին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը, «Վիվա Սել-ՄՏՍ», «Յուքոմ» եւ «Բիլայն» բջջային օպերատորների ներկայացուցիչները:
Օրակարգում քննարկվեցին բջջային օպերատորների միջոցով տարբեր աղետների եւ վտանգների դեպքում բնակչության ազդարարման եւ իրազեկման համակարգերի արդիականացման եւ բարելավման հնարավորությունները, ինչպես նաեւ՝ «911» արտակարգ համարին զուգահեռ հնարավոր դարձնել Եվրասիական ողջ մայրցամաքում ճանաչելի եւ կիրառվող «112» փրկության հեռախոսահամարի ներդրումն ու կիրառությունը:
«112» ահազանգման համարը, որը Եվրոպական միության բոլոր երկրներում, Ռուսաստանի Դաշնությունում եւ ասիական գրեթե բոլոր երկրներում կիրառում եւ ճանաչում են որպես միացյալ ահազանգման հեռախոսահամար, այսուհետ պետք է լայնորեն ճանաչվի եւ «911»-ին զուգահեռ գործարկվի նաեւ Հայաստանում: «112» փրկության համարը լիովին համապատասխանում է միացյալ ահազանգման եվրոպական ասոցիացիայի տեխնիկական չափանիշներին: «112»-ը առավել ճանաչելի եւ հեշտ կիրառելի է նաեւ Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար, որոնք արտակարգ իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես կարող են հավաքել միացյալ ահազանգման հեռախոսահամարը:
Միջազգային ճանաչելիությունից բացի՝ «112»-ը տեխնիկապես ավելի լայն հնարավորություններ է ստեղծում ահազանգերը օպերատիվ սպասարկելու համար:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաեւ աղետների եւ վտանգների դեպքում SMS հաղորդագրությունների միջոցով բնակչության ազդարարման մեխանիզմների ու տեխնիկական միջոցների արդիականացման հնարավորությունները՝ հանրային իրազեկման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:



























