Արցախում 2016թ. մայիսին ծանր վիրավորում ստացած Հովհաննես Պողոսյանը նոյեմբերի 1-ին գանգոսկրի պրոթեզավորման բարդ վիրահատության կենթարկվի:

NEWS.am-ին Հովհաննեսի մայրը՝ տիկին Գայանեն, հայտնեց, որ որդուն վիրահատելու են «Նաիրի» բժշկական կենտրոնում, վիրահատող բժիշկն Արման Հակոբյանն է:

Հովհաննես Պողոսյանը ծանր վիրավորվել է 2016 թվականի մայիսի 13-ին, Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության հենակետերից մեկում: Նա ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, բազմաբեկորային վնասվածքներ։ Վիրավորի մոտ ուղեղային կոմա էր առկա։

Երկարատեւ համառ պայքարից հետո Հովհաննեսը կարողացավ կամաց-կամաց ոտքի կանգնել:

Նշենք, որ Հովհաննես Պողոսյանը Վանաձորից է, ընտանիքը Երեւանում վարձով է բնակվում: