Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, նույն մարզի դատարանի դատավորի, դատախազի եւ մյուսների վերաբերյալ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու գործով պարզվում է՝ դատական նիստ է նշանակված եղել:

NEWS.am-ի թղթակիցը հոկտեմբերի 30-ին գործը մակագրված՝ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի գրասենյակից հետաքրքրվեց՝ արդյոք նիստ կա արդեն նշանակված: Մեզ գրասենյակից հորդորեցին հետեւել Դատական տեղեկատվական համակարգին, այնտեղ օրը կտեղադրվի: Հոկտեմբերի 31-ին Դատական տեղեկատվական համակարգում գրառում կատարվեց, որ նիստը հոկտեմբերի 30-ին է եղել:

Պաշտպանական կողմից մեզ ասացին, որ իրենք որեւէ ծանուցում հոկտեմբերի 30-ի նիստի վերաբերյալ չեն ստացել, հետեւաբար, նիստը չէր կարող կայանալ: Պաշտպանները նույնպես Դատական տեղեկատվական համակարգում են այսօր տեսել, որ նախորդ օրը նիստ է եղել նշանակված: Թե ինչու է նիստ նշանակվել, բայց կողմերից եւ ոչ մեկը չի ծանուցվել, պարզ չէ: Չի բացառվում, որ դատավորը նիստ է նշանակել, որ պահպանի վարույթ ընդունելուց հետո նիստ նշանակվելու վերաբերյալ սահմանված 28-օրյա ժամկետը:

Նշենք, որ Նիկողոսյանն այս աղմկահարույց գործով 5-րդ դատավորն է, որին մակագրվել է: Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի 3 դատավոր ինքնաբացարկ էր հայտնել՝ պարզաբանելով, թե Աղվան Պետրոսյանի մտերիմ ընկերներն են: Այնուհետեւ գործը մակագրվել էր Մնացական Հարությունյանին, որն էլ որոշում էր կայացրել գործն ուղարկել ըստ ընդդատության՝ Երեւանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Վարդենիս քաղաքում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության եւ դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գոռ Գալստյանի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար Գեղարքունիքի մարզի դատախազ Սեւակ Շհոյանը մեղադրյալի ծնողներ Կամո եւ Մելանյա Գալստյաններից 2015 թվականի հունիսին պահանջել ու ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Սակայն գումարը ստանալուց հետո դատախազը խոստումը չի կատարել, եւ Գոռ Գալստյանը կալանավորվել է:

Բացի այդ, Կամո եւ Մելանյա Գալստյանները, իրենց որդուն ավելի մեղմ պատասխանատվության ենթարկելու եւ նույն գործով մեղադրյալ իրենց բարեկամին պատասխանատվությունից ազատելու համար Վարդենիսի բնակիչ Հայկ Կարապետյանի եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանի միջոցով գործով վարույթ իրականացնող` հիշյալ դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին տվել են 11.343.373 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափերով` 23.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո վերջինս կայացրել է նախապես պայմանավորված ապօրինի դատական ակտը:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, վերջինի վարորդ Կարեն Մարտիկյանի, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի, Գեղարքունիքի մարզի դատախազ Սեւակ Շհոյանի եւ նույն մարզի բնակիչ Հայկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: