Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Գագիկ Ավետիսյանը եւ Գագիկ Պողոսյանն են քննելու 2008 թվականի մարտի 1-ին քաղաքացիների նկատմամբ բռնություններ կիրառած 4 ոստիկանների գործերը:

ՀՀ վճռաբեկ դատարանի մամլո քարտուղար Ալինա Ենգոյանը NEWS.am-ին հայտնեց, որ առայժմ հայտնի չեն դատավարությունների օրերը, դրանք հավանաբար պարզ կլինի եկող շաբաթ:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան, Հանրապետության հրապարակում քաղաքացու նկատմամբ բռնություններ կիրառելու, եւ մահակներով ծեծելու համար Հատուկ քննչական ծառայությունը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկաններ Գ.Հարությունյանին եւ Հ.Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասով, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկաններ Ա.Մանուկյանին եւ Գ.Գրիգորյանին էլ մեղադրանքներ են առաջադրել Մաշտոցի պողոտայի շուկայի մոտ 2 քաղաքացու նկատմամբ բռնություններ գործադրելու համար՝ կրկին Քր.օր.-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին ոստիկանությունը հարձակվեց Ազատության հրապարակում հավաքված խաղաղ ցուցարարների վրա, իսկ երեկոյան հրազեն կիրառեց, ինչի հետեւանքով 10 հոգի զոհվեցին, հարյուրները՝ վիրավորվեցին: Զոհերի մահվան հանգամանքները դեռ չեն պարզվել, քննիչները դեպերից 1,5 տարի անց գտել են միայն մի քանի ոստիկանի, որոնք մահակ են օգտագործել: