ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է հոկտեմբերի 29-ին Երևանի շտապօգնության «Արաբկիր» ենթակայանի կանչի մեկնած բրիգադի և «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում բժիշկների հանդեպ բռնության դրսևորման փաստերը:
«ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է հոկտեմբերի 29-ին Երեւանի շտապօգնության «Արաբկիր» ենթակայանի կանչի մեկնած բրիգադի եւ «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում բժիշկների հանդեպ բռնության դրսեւորման փաստերը:
Ցանկացած բռնություն ինքնին անընդունելի է, հատկապես, երբ ձեռք է բարձրացվում բուժաշխատողի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունն անհրաժեշտ է հենց իրեն կամ կարող է պետք լինել մեկ ուրիշին:
Նման մերժելի արարքները բարոյական մեծ վնաս են հասցնում ոչ միայն բժշկին ու բուժանձնակազմին, այլեւ մեր ողջ հասարակությանը` ստեղծելով փոխադարձ անվստահության, անառողջ մթնոլորտ»,-ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 23։50 Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ փողոցի 22 հասցեում գտնվող «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում խուլիգանություն է տեղի ունենում եւ հիվանդի հարազատները հարձակվել են բժշկի վրա եւ կոտրել հիվանդասենյակի ու ճաշարանի դռների ապակիները։
Պարզվել է, որ 31-ամյա Էդգար Յ.-ն նշված կենտրոնում հարձակվել է բժիշկ, 82-ամյա Գագիկ Պ.-ի վրա, գլխով հարվածել բժշկի դեմքին՝ պատճառելով վնասվածքներ, որից հետո անհարգալից վերաբերմունք է դրսեւորել հիվանդանոցում գտնվողների նկատմամբ՝ տալով հայհոյանքներ։
Հաջորդ օրը, հոկտեմբերի 30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի եւ համայնքային Ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է Էդգար Յ.-ն եւ բերման ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։
Բժշկին տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ Էդգար Յ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:


























