ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւան քաղաքի բնակիչ Վ. Ծատրյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 16.07.2017թ.-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բնակիչը գերեզմանատան տարածքում հանդիպել է իրեն եւ 2500 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց` իր կամքին հակառակ, քշել-տարել է իրեն պատկանող Volkswagen մակնիշի ավտոմեքենան:

Վ. Ծատրյանը միաժամանակ հայտնել է, որ նշված դեպքի վերաբերյալ հաղորդում տալու նպատակով գնացել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժին եւ հանդիպել հիշյալ բաժնի պաշտոնատար անձին, սակայն վերջինս հորդորել է հանցագործության մասին հաղորդում չտալ եւ վստահեցրել, որ անձնական կապերի միջոցով կվերադարձնի ավտոմեքենան, սակայն մինչ օրս խոստումը չի կատարել:

Ինքնիրավչության եւ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ եւ 308-րդ հոդվածների 1-ին մասերով: Ինքնիրավչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության հարցը լուծելու համար, իսկ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարվում է նախաքննություն: