Շիրակի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը ինչպես հոկտեմբերի 31-ին, այնպես էլ նոյեմբերի մեկին ամբողջ օրը  գտնվել է աշխատավայրում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ի պատասխան լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկության, որ պաշտոնական դիրքի չարաշահման կասկածանքով ոստիկանների կողմից նա որոնվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները որոնում են Փոքր Մանթաշ գյուղի բնակիչներ՝ 43-ամյա Ժիրայր Հակոբյանին եւ 57-ամյա Գագիկ Հակոբյանին, ինչպես նաեւ Լիպարիտ Մ.-ին։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկանության աշխատակիցները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հոկտեմբերի 31-ին, Ոստիկանության Արթիկի բաժին են հրավիրել 38-ամյա Լ. Ք.-ին, ով հայտնել է, որ 2016 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Ժ. եւ Գ. Հակոբյանները Փոքր Մանթաշ գյուղի գյուղապետարանի 10 աշխատակիցների աշխատավարձերի բանկային քարտերից կանխիկացրել են մոտ 1 մլն դրամ, որից հետո նշված գումարը որպես կաշառք Ժ. Հակոբյանը տվել է Շիրակի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանին՝ գյուղապետարանի հայեցողական հաստիքացուցակները հաստատելու համար, ինչը Լ. Մարտիրոսյանը կատարել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ժ. Հակոբյանը Փոքր Մանթաշի գյուղապետն է, իսկ Գ. Հակոբյանը՝ նույն գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարը։