Նոյեմբերի 2-ին Կատալոնիայի ժեներալիտատի նախկին փոխվարչապետ Ուրիոլ Ժունկերասը եւ կատալոնական կառավարության ազատված անդամները հարցաքննության են ներկայացել Մադրիդի Ազգային դատարան: Նրանց ապստամբության համար մեղադրանք կարող է առաջադրվել:

Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավարը եւ Բելգիայում գտնվող չորս նախարարները հրաժարվել են դատարան ներկայանալուց, հաղորդում է RFI-ն:

Ընդհանուր առմամբ, Ազգային դատարան հարցաքննության են կանչել ժեներալիտետի 14 ազատված անդամներ:

Սակայն հինգը չեն ներկայացել դատարան, այդ թվում տարածաշրջանային կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը:

Մեղադրող կողմը դատարան ներկայացած 9 անդամներից 8-ի նկատմամբ  խնդրել է խափանման միջոց  նշանակել կալանավորումը:

Որոշ ժամանակ անց Իսպանիայի Գերագույն դատարան են ներկայացել խորհրդարանի 5 նախկին պատգամավորները: Սակայն դատարանը փաստաբանների խնդրանքով հետաձգել է նրանց հարցաքննությունը մինչեւ նոյեմբերի 9-ը:

Գլխավոր դատախազը դատարանին խնդրել է նրանց պետական միջոցների հափշտակության եւ ապստամբություն ձեռնարկելու մեջ մեղադրել: Վերջին հոդվածի համաձայն՝  նախատեսվում է մինչեւ 30 տարի ազատազրկում: