ԲՀԿ խմբակցության համար ոչ մի տարբերություն չկա, թե ով է ընտրվելու Երեւանի քաղաքապետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Գասպարյանը: «Երեւանի ավագանու պատմության մեջ առաջին անգամ է, որ ավագանին պետք է ընտրի քաղաքապետին: Երբ վաղն առաջադրումները լինեն, մենք կառանձնանանք, մեր որոշումը կկայացնենք եւ կարտահայտենք քվեարկության միջոցով»,-ասաց նա: Հարցին, թե ոչ պաշտոնապես առաջադրված թեկնածուներից ում են նախապատվությունը տալիս՝ Կարեն Կարապետյանի՞ն, թե՞ Տարոն Մարգարյանին, ավագանու ԲՀԿ  խմբակցության ղեկավարը արձագանքեց, թե երկուսն էլ իրենց գործընկերներն են՝ հավելելով. «Ինձ թվում է՝ ՀՀԿ-ն մեկ թեկնածուի կառաջադրի: Ում էլ առաջադրեն՝ ԲՀԿ խմբակցությունն իր քննարկման արդյունքում կորոշի՝ կողմ քվեարկել, թե ոչ»,-ասաց նա:

Գ.Գասպարյանը միաժամանակ կարծում է, որ նոր քաղաքապետը, ով էլ որ լինի, չի կարող ազդել ԲՀԿ-ի գործունեության եւ աշխատաոճի վրա: «Մեզ համար տարբերություն չկա, թե ով կլինի Երեւանի քաղաքապետ, որովհետեւ մենք որդեգրել ենք մի աշխատաոճ, որից չենք պատրաստվում հրաժարվել: Այսինքն, այն որոշումները, որոնք ի նպաստ Երեւան քաղաքի բարօրության կլինեն, մենք կողմ կքվեարկենք: Իսկ եթե կլինեն ասածիս հակառակ որոշումներ, միանշանակ մենք ինչպես աշխատել ենք, այնպես էլ շարունակելու ենք աշխատել՝ դեմ ենք լինելու նման որոշումներին»,-ասաց նա:  Գասպարյանը միաժամանակ հավելեց, որ վաղվա նիստին ԲՀԿ խմբակցությունը հավանաբար ամբողջ կազմով ներկա կլինի, ինչպես որ դեկտեմբերի 13-ին նիստում, երբ որոշվեց քաղաքապետի ընտրութան օրը:  Նշենք, որ ՀՀԿ-ն Երեւանի ավագանիում ունի բացարձակ մեծամասնություն` 35 պատգամավոր: Նոր քաղաքապետ ընտրելու համար հանրապետականներին ԲՀԿ-ի  ձայները պետք չեն լինի: