Գիտության զարգացման խրախուսման ամերիկյան ասոցիացիան հրապարակել է «Բարձր որակի արբանյակային պատկերներն ու Ադրբեջանի Նախիջեւանում մշակութային արժեքների ոչնչացումը» ուսումնասիրության արդյունքները: Զեկույցը մեկ անգամ եւս ապացուցում է, որ Ջուղայի խաչքարերը ոչնչացվել են, հաղորդում է Տորոնտոյի Հայ ազգային կոմիտեի գրասենյակը: Զեկույցը տեղադրված է հետեւյալ հասցեով.

http://shr.aaas.org/geotech/azerbaijan/Azerbaijan_Report.pdf

Խաչքարերի ոչնչացման հնգամյա տարելիցի կապակցությամբ ելույթ ունենալով Համայնքների պալատում` Կանադայի հայ համայնքի բարեկամ, պատգամավոր Մարտա Հոլ Ֆինդլին Ադրբեջանի Ջուղա քաղաքում հայկական խաչքարերի ոչնչացումը որակել է պատմությանն ու մշակույթին հասցրած զգալի վնաս, Տորոնտոյից հաղորդում է Հայ ազգային կոմիտեն:

Կառույցը կոչ է անում բոլոր կանադացիներին պահանջել, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի պատասխանատվությունը` մշակույթի հուշարձանների ոչնչացման համար:

«Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի կառավարության գործողությունները, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ագրեսիան, որը վտանգում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը: Բոլոր կառավարությունները պետք է դատապարտեն կովկասյան տարածաշրջանում Ադրբեջանի դրսեւորած կրոնական անհանդուրժողականությունն ու ագրեսիան», - հայտարարել է Տորոնտոյի Հայ ազգային կոմիտեի նախագահը: