«Օրինաց երկիր» կուսակցությունը ողջունում է Երեւանի ավագանու որոշումը՝ քաղաքապետի պաշտոնում ընտրել «Հայռուսազարդի» ՓԲԸ ղեկավար Կարեն Կարապետյանին։
«Հայռուսգազարդի» ղեկավարի պաշտոնում Կարապետյանը եղել է բարձր դասի պրոֆեսիոնալ՝ ապացուցելով, որ կարող է եւ ընդունակ է աշխատելու։ Նրա ղեկավարության օրոք հանրապետության գազաֆիիկացումը կտրուկ արագացավ։ Հուսով ենք, որ այս որակները նա կցուցաբերի նաեւ Երեւանի քաղաքապետի պաշտոնում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։
Խոսելով կադրային այլ փոփոխությունների, մասնավորապես, Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի եւ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի պաշտոնանկության մասին՝ Բիշարյանը հայտարարեց. «Իշխող կուսակցություններից յուրաքանչյուրն ուշադրությամբ հետեւում է իր նախարարների աշխատանքին։ Ես ողջունում եմ Հայաստանի հանրապետական կուսակցության՝ կադրային փոփոխությունների վերաբերյալ որոշումները, քանի որ կուսակցությունն ինչ-որ բացթողումներ է նկատել իր նախարարների գործունեության մեջ եւ կադրային փոփոխությունները կատարել է ժամանակին։
Բիշարյանը նշեց, որ ՕԵԿ-ը եւս ուշադրությամբ հետեւում է իր նախարարների աշխատանքին եւ դեռեւս գոհ է նրանց գործունեությունից։ «Բոլորդ տեսնում եք, թե որքան արդյունավետ են աշխատում Արտակարգ իրավիճակների եւ կապի նախարարներ Արմեն Երիցյանն ու Մանուկ Վարդանյանը»,- հայտարարեց Բիշարյանը։
Հարցին, թե ինչո՞ւ լավ աշխատող նախարարների թվում ինքը չի նշում Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի անունը, Բիշարյանը պատասխանեց. «Վերջին ժամանակներս Գերասիմ Ալավերդյանի անունը անհարկի կերպով շատ է շրջանառվում։ Սակայն հավաստիացնում եմ, որ կուսակցությունը գոհ է նրա աշխատանքից եւ նրա պաշտոնանկության հարցն ՕԵԿ-ում չի քննարկվում»։




























