Այսօր՝ դեկտեմբերի 17-ին Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանն ընդունել է Հունգարիայի Արեւելյան գործընկերության գծով հատուկ հանձնարարություններով դեսպան դոկտոր Յանոս Տերենյիին եւ Հայաստանում Հունգարիայի դեսպան Գաբոր Շագիին (նստավայրը` Թբիլիսի):

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Տերենյին ներկայացրել է ԵՄ-ում հունգարական նախագահության առաջնայնությունները` 2011թ. հունվարից Հունգարիայի` վեց ամսով ստանձնում է ԵՄ նախագահությունը ստանձնելու համատեքստում: Հունգարական կողմը շեշտել է Արեւելյան գործընկերության կարեւորությունը եւ ներկայացրել հունգարական նախագահության մոտեցումները բազմակողմ համագործակցության մի շարք հարցերի առնչությամբ: Կողմերը քննարկել են 2011թ. մայիսին Բուդապեշտում անցկացվելիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի օրակարգի վերաբերյալ կողմերի մոտեցումները:

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացին եւ այդ հարցում գրանցված առաջընթացին: Փոխնախարար Ղազինյանը ներկայացրել է ՀՀ մոտեցումները` շեշտելով Հայաստան-ԵՄ հարաբերություններն ավելի ընդլայնելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համագործակցության առաջնայնություններին` Կարինե Ղազինյանը կարեւորել է ԵՄ երկրների աջակցությունը մուտքի արտոնագրերի ստացման գործընթացի դյուրացման շուրջ քննարկումներում: