Աստանայի հռչակագիրը նոր քայլ չէ, բայց երբեմն դիվանագիտության մեջ լինում է այնպես, որ որոշակի կանոնների եւ պարտավորությունների կրկնությունը նոր հանգամանքներում ինչ-որ նոր բան են նշանակում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Ըստ դեսպանի` հռչակագրում ղարաբաղյան կարգավորման երեք սկզբունքների ամրագրումը դրական է: «Հռչակագիրը ձեւական առումով նոր դրույթներ չի պարունակում, բայց ստեղծված իրավիճակում որոշակի առաջընթաց է»,- նկատել է դիվանագետը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, դեկտեմբերի 1-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները (Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնն ու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը) Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հնգակողմ հայտարարություն տարածեցին, որում նշել էին, թե եկել է ավելի վճռական ջանքերի ժամանակը ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար:





























