ԱՄՆ պետքարտուղարությունը կտրուկ դեմ է արտահայտվում Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին։ Այս մասին հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին։
«ԱՄՆ շարունակում է հավատալ, որ Հայաստանի եւ Թուրքիայի ընդհանուր անցյալի ուսումնասիրման լավագույն ճանապարհն անցնում է երկու երկրների հարաբերությունների կարգավորման ջանքերի միջով»,- նշել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում մոտակա 48 ժամվա ընթացքում կարող է Հայոց ցեղասպանության հարցով քվեարկություն անցկացվել։ Հայ Դատի ամերիկյան հանձնաժողովը կոչ է անում զանգահարել Կոնգրեսի համապատասխան ներկայացուցիչներն եւ պահանջել, որպեսզի նրանք կողմ քվեարկեն Հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձեւի ընդունմանը։
Հիշեցնենք, որ Հայ Դատի ամերիկյան հանձնաժողովի գրասեյակը եւ ԱՄՆ-ի հայ աստղերը վերջերս կամպանիա էին կազմակերպել, որի ժամանակ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ներկայիս խոսնակ Նենսի Փելոսիին կոչ էին արել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քվերակություն կազմակերպել։



























