Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը Բելգիայում հայտարարել է իր նախընտրական քարոզարշավի մեկնարկի մասին։ Նա մտադիր է մասնակցել դեկտեմբերի 21-ին տարածաշրջանում կայանալիք արտահերթ ընտրություններին, հայտնում է Soir թերթը։

Պուչդեմոնը, չնայած այն հանգամանքին, որ Իսպանիայի կառավարության կողմից Կատալոնիայում անմիջական  կառավարում սահմանելն անօրինական է համարում եւ նախկինի պես իրեն Ժեներալիտետի գործող նախագահ է համարում, մտադիր է ընտրություններին առաջադրվել «Միասին հանուն Կատալոնիայի» դաշինքի կողմից։

Պարբերականի տեղեկություններով՝ Բրյուգե քաղաքի հյուրանոցներից մեկում Պուչդեմոնը ներկայացրել է իր կուսակցական ցանկը։ «Մենք՝ կատալոնացիներս, աշխարհին ցույց տվեցինք, որ մենք կարող ենք եւ ուզում ենք անկախ պետություն դառնալ։ Եվ դեկտեմբերի 21-ին մենք դա պետք է հաստատենք»,- մեջբերում է թերթը Պուչդեմոնի խոսքը։