ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը որոշել է դիվանագետների խումբ չուղարկել Հնդկաստանում կայանալիք գործարարության գագաթնաժողովին այն բանի պատճառով, որ ամերիկյան պատվիրակության ղեկավարն է ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփը։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ պետքարտուղարության որոշումը պայմանավորված է ոչ թե միջոցներ խնայելու ցանկությամբ, այլ Թրամփի եւ Թիլերսոնի միջեւ լարվածության ֆոնին Իվանկային անտեսելու որոշմամբ։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ նախորդ գագաթնաժողովը (Global Entrepreneurship Summit) այցելել էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման եւ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին։
Այս անգամ պետքարտուղարությունն այլ մոտեցում է որդեգրել։ «Պետքարտուղարի օգնականի տեղակալի դասից բարձր որեւէ պաշտոնյա այդ գագաթնաժողովին մասնակցելու իրավունք չունի։ Պետքարտուղարը եւ նրա օգնականները պնդում էին, որ բոլոր այցելությունները պետք է համաձայնեցված լինեն, անգամ ամենափոքր դետալները»,- ասել է աղբյուրներից մեկը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Թիլերսոնը եւ նրա շրջապատը ոչ մի բարձրաստիճան պաշտոնյայի չեն ուղարկի, քանի որ չեն ցանկանում աջակցել Իվանկային։



























