ԵՄ-ն կարեւոր նշանակություն է տալիս Հայաստանի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը: Այս մասին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հայտարարեց Երեւանում ընթացող կոռուպցիայի հակազդեցության «Կոռուպցիայի կանխումը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը. Հայաստանի կողմից ԵԽ երկրների խմբի (GRECO) կոռուպցիայի դեմ պայքարի հրահանգների կատարումը» թեմայով համաժողովի ժամանակ: Համաժողովը ֆինանսավորում են ԵՄ-ն եւ ԵԽ-ն:
Դեսպանը նշեց, որ 2 կազմակերպություններն էլ ջանքեր են գործադրում արդյունավետ կառավարման ամրապնդմանն աջակցելու համար, որը տարածվում է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի եւ դատական համակարգի ամրապնդման վրա: Դեսպանի խոսքով՝ GRECO-ի հրահանգների կատարումը աշխատանքի կարեւոր մասն է եւ երկրի զարգացման գործում լուրջ ավանդ: Պյոտր Սվիտալսկին արձանագրեց, որ Հայաստանը վերջին ամիսներին կոռուպցիայի դեմ պայքարի եւ օրենսդրության զարգացման ուղղությամբ մի շարք կարեւոր քայլեր է նախաձեռնել: ԵՄ-ն եւ ԵԽ-ն սա ողջունում են, սակայն արձանագրում են փուլի սկիզբը, երբ օրենսդրության բարելավումը պետք է գործնականում ստուգվի:
«ԵՄ-ն կարեւորում է անցյալ ուրբաթ Համաձայնագրի ստորագրումը, եւ կարծում եմ, որ բոլոր շահագրգիռ կողմերն ու հասարակությունը կարող են դառնալ կոռուպցիայի դեմ պայքարի նոր որակի ականատեսը: GRECO-ի հրահանգներն անչափ կարեւոր են: Այդ թվում՝ քաղաքականության թափանցիկության մեծացման եւ այն բիզնեսի ու այլ գործոնների ազդեցությունից պաշտպանելու հարցում: Մեր կողմից մենք վճռական ենք տրամադրված համագործակցությունը շարունակելու հարցում: Հիմա արդեն ստորագրված Համաձայնագրի հիման վրա»,- շեշտեց Պյոտր Սվիտալսկին:




























