Սեուլը պատրաստ է Փհենյանի հետ անմիջական բանակցությունների, եթե Հյուսիսային Կորեան շարունակի ձեռնպահ մնալ հրթիռա–միջուկային փորձարկումներից, հայտնել է Հարավային Կորեայի նախագահի  հատուկ բանագնաց Յոն Գիլ Սոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Սեպտեմբերի 15–ից Հյուսիսային Կորեան դադարեցրել է հրթիռա–միջուկային փորձարկումները։ Բայց մենք չգիտենք, թե ինչ պատճառով են նրանք դադարեցրել իրենց սադրանքները՝ տեխնիկական խնդիրների, թե ԱՄՆ–ի, Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից ճնշումների պատճառով։ Ցանկացած դեպքում դա լավ նշան է, եւ եթե միտումը շարունակվի, մենք պատրաստ ենք Հյուսիսային Կորեայի հետ անմիջական բանակցությունների»,– ասել է նա Սեուլում «Վալդայ» ակումբի կուլիսներում։