Ղարաբաղյան հակամարտության հարցում ԵՏՄ ոչ բոլոր անդամ երկրները հայամետ դիրքորոշում ունեն, սակայն Եվրասիական տնտեսական միությունը Ռուսաստանն է սռտեղծել, այլ ոչ թե այդ երկրները: Այս մասին  նոյեմբերի 27-ին՝ ԱԺ-ում «Ելք» դաշինքի առաջարկով «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրից Հայաստանի դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին» լսումների ժամանակ, ասաց  ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ հենց Ռուսաստանն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, եւ ղարաբաղյան խնդրում Մոսկվայի հետեւողական քաղաքականությունը չի կարող եւ չպետք է որեւէ մեկի մոտ ինչ-որ կասկած առաջացնի: «Արժի միայն հիշեցնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները, որոնք արվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ  Ռուսաստանում»,- նշեց Աշոտյանը՝ հավելելով, որ Մոսկվան այս հարցում կարեւոր դեր է խաղացել եւ խաղում, եւ ղարաբաղյան խնդիրը ԵՏՄ-ից դուրս գալու թեմային կապելն ամենեւին էլ ճիշտ չէ: